Ընտրություն չէր, այդպես էր կանխորոշված… Ռոմեո Մելիքյան. Էքսպրեսիոնիզմի մերօրյա հետևորդը

This slideshow requires JavaScript.

«Միտքը հաճախ մեռցնում է զգացմունքը, բայց երբեմն երկուսը եղբայրացած` միմյանց հետ տիեզերքն են գրկում»… Միտքն ու  Զգացմունքը համերաշխ ու անբաժան «եղբայրներ» են մեր հայրենակից երիտասարդ գեղանկարչի՝ Ռոմեո Մելիքյանի գործերում. միշտ անբաժան ու մեկտեղված…

– Երբեք չեմ երազում, եթե ցանկանում եմ ինչ-որ բանի հասնել, ապա ձգտում եմ: Դեռ 6-րդ դասարանից ցանկանում էի նկարիչ դառնալ, սակայն նկարել սկսել եմ ավելի վաղ մանկությունից:  Եթե նվիրվում ես այդ գործին, պետք է մինչև վերջ պայքարել: Հետաքրքրական է այն փաստը, որ փոքր տարիքից նախընտրել եմ նկարել քաղաքային տեսարաններ, ամբոխներ: Այդ ընտրությունը կարելի է կապել  հայ- ադրբեջանական պատերազմի հետ: Թեև փոքր էի, բայց այդ դեպքերն անմիջականորեն ազդել են իմ մտածելակերպի ու աշխարհայացքի վրա: Ստեղծագործական կյանքով սկսեցի ապրել 2005-ից, երբ երկրորդ կուրսի ուսանող էի: Սակայն ավելի լուրջ սկսեցի զբաղվել 2008-ից`  զինվորական ծառայությունից հետո: Գեղանկարչության  ուղղություններից  ես ընտրեցի արտահայտչապաշտությունը(էքսպրեսիոնիզմը). թեև այս պարագայում սխալ է օգտագործել  «ընտրել».  բառը: Դա ընտրություն չէր, հավանաբար այդպես էր կանխորոշված:

– Ռոմեո, քո աշխատանքներն առաջին հայացքից բավական բարդ է ընկալելը, ո՞րն է իրական ասելիքը, ի՞նչ են «ասում» քո  նկարները:

-Ցանկացած նկար ունի իր ասելիքը: Ճիշտ չեմ համարում,  երբ հեղինակն ինքն է պատմում իր ստեղծագործության մասին: Եթե փորձեմ ներկայացնել  իմ աշխատանքները, ամբողջական չի լինի: Այո, յուրաքանչյուրը պիտի յուրովի ընկալի ու զգա նկարը: Ավելացնեմ, որ երբեք որևէ մեկին դուր գալու նպատակ չեմ ունեցել: Նկարում եմ ոչ թե  դիմացինիս գովեստին արժանանալու, այլ` նախևառաջ ինձ համար: Սերգեյ Փարաջանովը, ով իմ ներշնչանքի աղբյուրն է, շատ դիպուկ է ասել. «Շատ վատ է, երբ հայհոյում է խելացին, սակայն ավելի վատ է, երբ գովաբանում է հիմարը»:  Չեմ ձգտում որևէ մեկի գովեստին արժանանալ: Իմ խորին համոզմամբ` այն, ինչը մինագամից է սիրվում, արագ կորցնում է իր արժեքը:

– Յուրաքանչյուր ստեղծագործություն հոգուց է բխում և անհնար է ստեղծել գեղեցիկը` առանց ներշնչանքի:  Ո՞վ կամ ի՞նչն է քո ոգեշնչման աղբյուրը: Համաշխարհային և հայ նկարիչներից ու՞մ ես համարում քո ուսուցիչը:

– Ինձ կարող է ոգեշնչել անգամ եղանակը: Անձրևային օրերին ավելի լավ եմ տրամադրվում: Իմ ներշնչանքի աղբյուրն, ինչպես արդեն նշեցի, Սերգեյ Փարաջանովն է` իր կերպարով, ֆիլմերով, կոլաժներով: Կառանձնացնեմ նաև այն նկարիչներին, ովքեր ինձ ոգեշնչել են. Ֆրենսիս Բեկոն, Ժան-Միչել Բասքուիաթ,  Էդուարդ Մունկ, Ռոբերտ Ռաուչենբերգ. Արշիլ Գորկի, ով  աբստրակտ էքսպրեսիոնիզմի նախահայրն է: Ու չնայած նրան ներկայացնում են որպես ամերիկյան արվեստի ներկայացուցիչ՝ հպարտանալու առիթ ունենք, որ տաղանդավոր նկարիչը մեր հայրենակիցն է, և՝  Պոլլոկ: Հայ նկարիչներից առանձացնեմ Մարտիրոս Սարյանին, Սեդրակ Առաքելյանին, Հենրի Էլբակյանին, Հակոբ Հակոբյանին, Մինաս Ավետիսյանին, Վարուժան Վարդանյանին…

Նկարչությունը կոչու՞մ է, ինքնարտահայտման եղանա՞կ, թե՞

-Ես նկարելով ապրում եմ` թե’ հոգեպես, թե’ ֆիզիկապես: Երբեմն լսում եմ` որևէ մեկին հարց են տալիս` արդյո՞ք կարող է ապրել առանց նկարելու: Ես կդժվարանամ պատասխանել: Միգուցե կարողանամ: Համենայն դեպս,  մինչ հիմա նկարելով եմ ապրել: Եթե որոշ ժամանակ չեմ նկարում, ինչ-որ բան կիսատ է թվում:

Գուստավ Մորոյի խոսքերով` գեղանկարչությունը բռնկուն լռություն էՍովորաբար թաքնված հույզերն ու մտքերը լավագույնս արտահայտվում են ստեծագործություններում: Քո նկարներում արտահայտված անհանգստություն կա: Կարելի՞ է  ուղիղ կապ գտնել խառնվածքիդ հետ: Էությամբ անհանգի՞ստ ես:

– Ճիշտ նկատեցիր: Արտաքուստ շատ հանգիստ ու հանդարտ եմ թվում, սակայն ներքուստ չափազանց անհագիստ եմ: Դա երբեմն նույնիսկ մտերիմներս չեն նկատում: Եվ հենց այդ անհագստությունն էլ տալիս եմ կտավին:

Ներկապնակ

Ռոմեոն ծնվել է ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում` 1987թ.- ին:  2011թ-ին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը:  Չնայած երիտասարդ տարիքին` հաջողություններն արվեստի բնագավառում բավական ակնառու են: Ռոմեոյի աշխատանքներն արժևորվել ու բարձր գնահատականի են արժանացել շատերի կողմից: Որոշ գործեր ընդգրկված են հավաքածուներում` Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Լիբանանում:  Երիտասարդ նկարիչը հաջողությամբ մասնակցել է մի շարք ցուցահանդեսների նաև ավելի վաղ տարիքում, սակայն նախընտրում է ներկայացնել 2008թ.-ից.  «Մեկ քայլ առաջ»`   Հայաստանի նկարիչների միություն, (2008թ), Երևան,«Կորուսյալ հայրենիք»`   Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի ցուցասրահ,(2009թ), Երևան, «Արմենիա Ռոսս»` Մոսկվա,(2010թ), ՀՀ նախագահի երիտասարդական ցուցահանդեսմրցույթ(2010, 2011 թթ), Երևան, «Գույների սիմֆոնիա»` (2012թ), Բեյրութ, Լիբանան,«Նոր սերունդ, նոր հեռանկարներ»`  «Արամե» ցուցասրահ.(2012թ), Երևան, «Նվիրիր կյանք» բարեգործական ցուցահանդես«Մարիոթ> հյուրանոց(2012թ), Երևան: 2011թ- ից Ռոմեոյի աշխատանքերը ցուցադրվում են «Արամե» պատկերասրահում:

ՀԱՍՄԻԿ ԳՅՈԶԱԼՅԱՆ

Advertisements

Posted on January 14, 2013, in Uncategorized. Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: