Մենք Ենք

IMG_0545«Մենք Ենք» խորագիրը կրող այս էջը և համանուն ամսաթերթն ստեղծելու, այն ձեր դատին հանձնելու գաղափարը էնտուզիաստ լրագրողների համարձակ քայլն է՝ ներկայացնելու մայրաքաղաքային եռուզեռից ու նորամուծություններից կտրված մեր տարածաշրջանի՝ Բերդի խնդիրները, կարևոր իրադարձությունները, ձեռքբերումներն ու ձախողումները, լսելի դարձնելու կանանց ձայնը, ներկայացնելու նրանց երեկը, այսօրը և վաղը:                                                                                                                                                        

 «Մենք Ենք»-ն ունի կայուն խորագրեր՝ «ՀԱՅԵԼՒ», որտեղ կարտացոլվեն մեր հայրենակից կանանց դեմքերը՝ յուրօրինակ պատմություններ հայտնի կանանց կյանքից,  «Լրա-Բերդ», որը կանդրադառնա տարածաշրջանային և տարածաշրջանից դուրս կարևոր նորություններին, «ԻՐԱԶԵԿ», որտեղ պարբերաբար կներկայացվեն հարցազրույցներ իրավաբանի հետ, դատական միջադեպեր, հանգուցալուծումներ՝ հիմնականում կանանց հետ կապված, «ԱՅՑԵՔԱՐՏԸ» կներկայացնի Բերդի տարածաշրջանի պատմամշակութային կոթողների արդի վիճակը, իրականացվելիք նախագծերը, «Մենք Ենք» համանուն խորագիրը բաց է ստեղծագործ բոլոր անձանց համար:
          Նախատեսված է նաև ժամանցային բաժին՝ համալրված մեր տարածաշրջանին հատուկ հումորներով, ռեբուսներով և ժամանցային այլ նյութերով:
Էջը հետագայում կունենա նոր խորագրեր ևս՝ մեր նախագծի ուղղվածությանն ու նպատակին համահունչ:
«Մենք Ենք»ի ապագա ընթերցողներից ակնկալում եմ, որ անչափ կկարևորեն մեր տարածաշրջանի համար այս ձեռքբերումը՝ ունենալու  օբյեկտիվ և օպերատիվ լրատվամիջոց, որը բացի լրատվության միջոց լինելուց, արդեն իսկ համախմբել է մեր քաղաքի երիտասարդ սկսնակ լրագրողներին, ովքեր այստեղ ասելիք և անելիք ունեն:
Եվ վերջում չեմ մոռանա շնորհակալ ու երախտապարտ լինել այն բոլոր մարդկանց, ովքեր իմ կողքին էին՝ ինձ համար անչափ կարևոր այս նախաձեռնության իրականացման հենց ամենասկզբից: Չթվարկելով նրանց թանկ անունները՝ ավելորդ չեմ համարում կրկնելու, որ Շնորհակալ եմ Աստծուն նրանց ներկայության համար…
ԱՆԱՀԻՏ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Leave a comment